Հայաստանի տեքստիլ և տրիկոտաժի ոլորտ

Հովհաննես Աթաբեկյան Դեկտեմբեր 2013
 

Ոլորտի զարգացման դինամիկա

Տեքստիլի և տրիկոտաժի ոլորտը Հայաստանի տնտեսության հին և ավանդույթներով հարուստ ճյուղերից է: Դեռևս հին դարերում Հայաստանը հայտնի է եղել իր նուրբ գործվածքների արտադրությամբ և որդան կարմիր ազգային բնական ներկանյութով: Խորհրդային ժամանակահատվածում Հայաստանում հիմնվեցին մի շարք խոշոր տեքստիլի և տրիկոտաժի գործարաններ: Թեթև արդյունաբերության ոլորտի արտադրանքը կազմում էր Խորհրդային Հայաստանի տնտեսության շուրջ մեկ երրորդը, և ոլորտն ապահովում էր նաև ամենամեծ զբաղվածությունը՝ մոտ 115,000 մարդ (երկրի արդյունաբերության մեջ ներգրավված ողջ աշխատուժի մոտ 25%-30%-ը):  Խորհրդային տնտեսության մեջ Հայաստանը հանդիսանում էր տեսքտիլ և տրիկոտաժ արտադրանքի խոշորագույն մատակարարներից: Հետանկախացման ժամանակահատվածում, ինչպես տնտեսության այլ ճյուղերը, Հայաստանի տեսքստիլի և տրիկոտաժի ոլորտը շուրջ 60%-70% անկում արձանագրեց:  1990-ականների վերջից ոլորտը կրկին աշխուժացավ՝ շնորհիվ ինչպես արտերկրյա պատվերների, այնպես էլ սեփական արտադրանքի (հիմնականում՝ տրիկոտաժ) արտադրության աճի:

Ոլորտի արտերկրյա պատվիրատուները հիմնականում  եվրոպական հանրահայտ բրենդեր են, մասնավորապես՝ Իտալիայից և Գերմանիայից, որոնց հայկական արտադրողները մատուցում են կարի ծառայություն (հիմնականում՝ տեքստիլ հագուստ): Արտապատվիրմանը մեծապես նպաստում է գործող «ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմը: Տեղական սեփական արտադրանքի գերակշիռ մասը սպառվում է ներքին շուկայում: Վերոնշյալ արտադրանքը հիմնականում կազմված է տրիկոտաժե արտադրատեսակներից և գուլպեղենից:

Ոլորտի արտադրության դրամական ծավալի գրեթե երկու երրորդն ապահովում են շուրջ 8 խոշոր արտադրողներ, որոնք  կենտրոնացված են հիմնականում Երևանում և Վանաձորում: 2003-2012թթ. Հայաստանի տեքստիլ և տրիկոտաժի ոլորտի արտահանման 70-85%-ը կազմել է արտապատվիրումը: Վերջինիս ներառում է վերարկուներ, անձրևանոցներ, բաճկոններ և նմանատիպ արտադրանք դեպի Իտալիա, և արտահագուստ դեպի Գերմանիա:

2005-2010թթ. ոլորտի արտահանման (հիմնականում՝ արտապատվիրում) նվազմանը նպաստած տեղական գլխավոր գործոններից էին  դրամի արժևորումը և աշխատուժի վարձատրության շարունակական աճը: Ոլորտի արտահանումը կտրուկ անկում արձանագրեց 2010թ.-ին՝ պայմանավորված համաշխարհային ճգնաժամով և այդ համատեքստում արտահանման խիստ կենտրոնացվածությամբ (Իտալիայից արտապատվիրում): Կարդալ ամբողջությամբ: