Կառավարման գործիքների «թաքնված» ռեսուրսը

   Ապրիլ, 2011

Կառավարումն անկասկած մարդկության կարևորագույն մասնագիտություններից է, որը կարող է բացահայտել ընկերության արդյունավետության բարձրացման ու աճի մինչ այդ “թաքնված” մի շարք հնարավորություններ: 
 
Տնտեսական ճգնաժամը, որն աղետալի էր ոլորտից ու աշխարհագրական դիրքից անկախ գրեթե բոլոր ընկերությունների համար, առավել առաջադեմ ընկերությունների կողմից օգտագործվեց որպես ավելի արդյունավետ դառնալու հնարավորություն: Առհասարակ, մարտահրավերներն առավել մրցունակ դառնալու հնարավորության վերածելը մենեջմենթի առանցքային հատկորոշիչ է: 
Համաշխարհային մրցունակության զեկույցի (2010թ.) համաձայն Հայաստանը գործարար ոլորտում մասնագիտացված կառավարիչների ներգրավման առումով աշխարհի 139 երկրների շարքում զբաղեցրել է 117-րդ տեղը: Սա նշանակում է, որ երկրում մասնագիտացված կառավարման ինստիտուտի հանդեպ վստահությունը շատ ցածր է. տեղական ընկերությունների ղեկավար պաշտոնները, պրոֆեսիոնալ մենեջերների փոխարեն, դեռևս մեծամասամբ վստահվում են բարեկամներին և ընկերներին: 
Դեռևս ցածր է մենեջմենթի կամ կառավարման ընկալումը որպես հատուկ փորձառություն և գիտելիքներ պահանջող մասնագիտություն: Տեղական ընկերությունների հիմնական մասի կառավարման մոտեցումը շարունակում է մնալ ինտուիտիվ մակարդակի վրա:
Այսուհանդերձ, հախուռն գործարարության դարաշրջանն արդեն սպառվել է և ավելի համակարգված ու արդյունավետ դառնալն անխուսափելի հրամայական է մրցունակ լինելու նպատակ ունեցող բոլոր ընկերությունների համար: 
Տեղական ընկերություններից շատերն արդեն ունեն այս գիտակցումը, ինչի արդյունքում էականորեն աճել է փորձառու և որակավորված կառավարիչների փնտրտուքով տարված ընկերությունների քանակը: Որոշ ընկերություններ տեղական մասնագետների բացը լրացնում են արտասահմանյան մասնագետներ հրավիրելով: Առողջ պահանջարկը հուսադրող է, և ակնկալվում է, որ այն կխթանի Հայաստանում որակավորված կառավարիչների թվի աճը ևս:
Մենեջերներից/կառավարիչներից ոչ պակաս կարևորություն ունեն նաև նրանց կողմից օգտագործվող կառավարման գործիքները: Կառավարման ոլորտում առկա գործիքակազմը գտնվում է մշտական բարելավման գործընթացում` արտացոլելով տնտեսության փոփոխվող միջավայրի պահանջներն ու կուտակվող փորձառությունն ու գիտելիքները: Այս ոլորտում հայտնի Bain&Company խորհրդատվական ընկերության կողմից անցկացված տարեկան հարցման արդյունքներով աշխարհի տարբեր երկրներում գործող հարցված ընկերություններից յուրաքանչյուրը միջին հաշվով տասը կառավարման գործիք է կիրառում : 
Կառավարման գործիքների վերաբերյալ տեղեկացվածությունն ու դրանց կիրառման աստիճանը կարող են երկրի գործարարության զարգացվածության լավագույն վկայություն լինել: Ի-Վի Քոնսալթինգի կողմից Հայաստանի տարբեր ոլորտներում գործող 54 ընկերությունների շրջանում անցկացված նմանօրինակ հարցումը հակասական արդյունքների հանգեցրեց: Համաձայն ընկերությունների ղեկավարների հարցման` տեղական ընկերությունները միջին հաշվով յոթը կառավարման գործիք են կիրառում, ինչը համաշխարհային միջինից ավելի քիչ լինելով հանդերձ շատ ավելին է, քան իրատեսականորեն կարող էինք ակնկալել` ելնելով տնտեսության տարբեր ոլորտներում մեր կուտակած փորձառությունից: Նմանատիպ ուռճացված արդյունքները որոշ առումով բացատրվում են գործիքների բուն էության ցածր ընկալմամբ: Մյուս կողմից սա կարող է դիտվել որպես դրանց հանդեպ կարիքի դրսևորում, որ տակավին չի վերածվել հստակ գիտակցված և ձևավորված պահանջարկի: