Բարձրագույն կրթության փոխակերպման հրամայականը՝ մրցունակության բարձրացման համար

 Մանուկ Հերգնյան և Հովարդ Վիլիամս | Վաշինգտոն, 2012
 

Բարձրագույն կրթությունը կրթական համակարգի ցանկացած այլ ճյուղից ավելի ինտենսիվ է մրցում համաշխարհային մակարդակով: Այն նաև տնտեսության այլ ոլորտների մրցունակությանը նպաստելու գործառույթ ունի: Այս երկակի դերն ի հայտ է բերում յուրահատուկ խնդիրներ: Կառավարության աջակցությամբ բարձրագույն կրթական հաստատությունների ներգրավումը մասնավոր ոլորտի հետ համագործակցային հարաբերությունների մեջ ձևավորում է «եռակի պարույր», որը կարող է բարելավել բարձրագույն կրթական ծրագրերի համապատասխանությունն ու որակը:

Մասնավոր ոլորտի հետ խորհրդակցությունը բավականին տարածված է աշխատաշուկայի հարցումներում` տեխնիկական և մասնագիտական կրթության և ուսուցման (ՏՄԿՈՒ) առաջնահերթությունները սահմանելու համար: Տնտեսական աճին նպաստելու առավելագույն ներուժ ունեցող ոլորտներում աշխատատեղերի բացահայտման գործում մասնավոր ոլորտի ակտիվ ներգրավվածությունը շատ կարևոր է` անհրաժեշտ գիտելիքների և հմտությունների ստանդարտների բացահայտման համար: Նրանց կողմից տրամադրված տվյալները կարող են ՏՄԿՈՒ և բարձրագույն կրթության վերաբերյալ այնպիսի տեղեկություններ պարունակել, որոնք կընդարձակեն վերջիններիս ներդրումը աշխատանքի ընդունելու գործընթացից դեպի տնտեսական մրցունակություն:

Կառավարության առաջնորդությունն անհրաժեշտ լիազորություններ և օրենսդրական հիմքեր է ստեղծում գիտական և կրթական բարեփոխումների և նորարարությունները խթանող, կարգավորող պարամետրերի ստեղծման համար: Գիտական համայնքը պետք է իրականացնի հետազոտություններ և ուսումնական պրոցեսում արտացոլի այդ հետազոտություններն ու վերջիններիս գործնական կիրառությունը (այդ թվում` քեյսային ուսումնասիրությունների ձևով), որպեսզի շրջանավարտները ձեռք բերեն թարմ գիտելիքային բազա և համապատասխան հմտություններ` իրենց կողմից ընտրված ոլորտների առաջընթացին նպաստելու և, ի վերջո, դրանք առաջնորդելու համար: Հետագայում բարձրագույն կրթություն-մասնավոր հատված համագործակցությունը կարող է խթանել ուսուցումն ու աշխատանքի ընդունումը պրակտիկաների, կարիերայի կենտրոնների և գործատուների կողմից շրջանավարտների գիտելիքների և հմտությունների համապատասխանության ու որակի գնահատման միջոցով: Բարձրագույն (հետբուհական) կրթությունը հատկապես կարևոր է «զարգացող տարածաշրջաններում, որտեղ տնտեսությունները պահանջում են գիտական և տեխնիկական մասնագիտությունների տիրապետող մասնագետներ, ինչպես նաև ընդհանրական գիտելիքներով օժտված առաջնորդներ, ովքեր ստեղծագործական մտածելակերպ ունեն, ադապտացվող են և կարող են էթիկական շարժառիթներ ստեղծել սոցիալական առաջընթացի համար»:

Բարձրագույն կրթության վերափոխումը հատկապես պահանջված է, երբ պրակտիկայում գործողների և գիտնականների միջև շփումներն ու հետազոտությունները լայն տարածում չունեն, և ավանդական կրթությունը արտացոլում է հնացած պրակտիկան:  

Մրցունակ ապրանքներում և արտադրական գործընթացներում փոփոխությունների ու նորարարությունների տեմպը հեշտությամբ կարող է գերազանցել գիտնականների կողմից դասավանդվող նյութի բովանդակությունը թարմացնելու կարողությունը: Առավել կարևոր է այն հանգամանքը, որ շատ բուհական և հետբուհական ծրագրեր չեն ապահովում այսօրվա զարգացող տնտեսություններում և դինամիկ հասարակություններում այդքան անհրաժեշտ գործընթացային հմտություններ զարգացնելու հնարավորությունները:

Բարձրագույն կրթության առաջարկի և տնտեսական աճի համար անհրաժեշտ գիտելիքների միջև անհամապատասխանությունը մասամբ պայմանավորված է գիտելիքի հնացած բովանդակությամբ, սակայն առավել լայն և ավելի լուրջ ճեղքվածք կա տնտեսական աճի արդյունավետ իրականացման համար անհրաժեշտ գործընթացային հմտությունների (ինչպիսիք են` պատճառահետևանքային կապերի վերլուծությունը, խնդիրներ լուծելու ունակությունը, թիմային աշխատանքը, արդյունավետ հաղորդակցությունը, ստեղծագործ մտածելակերպը և ռիսկի գնալու ունակությունը) հղկման հարցում: Թե' պետական և թե' մասնավոր ոլորտները լավ կրթված մենեջերների, վերլուծաբանների և տեխնոլոգների կարիք ունեն` իրենց տնտեսություններն առավել մրցունակ, իսկ հասարակություններն` առավել կայուն և առողջ դարձնելու համար: Նշված կարիքները բավարարող բարձրագույն կրթության բնագավառի բարեփոխումը, հատկապես զարգացող տնտեսություններում, կպահանջի պետական և մասնավոր ներդրումների պորտֆել, որտեղ բարձրագույն կրթությունից ակնկալվում է «տնտեսական շարժիչի» դերի ստանձնումը:

 Երկրների մեծամասնությունում բարձրագույն կրթության բարեփոխումների երկու հստակ ռազմավարական տարբերակներ կան: Տարբերակված վերափոխման ռազմավարության` «թիրախավորված միջամտության» մոտեցումը կենտրոնանում է տնտեսական աճն ու զարգացումը ապահովելու համար անհրաժեշտ մեծ ազդեցություն ունեցող փոփոխությունների վրա, որոնք դժվար թե առաջացնեն նախնական ուժեղ դիմադրություն: Չտարբերակված ռազմավարությունը` «համալիր բարեփոխումները», կենտրոնանում է ամբողջ համակարգում բարձրագույն կրթության ավելի բարձր ստանդարտների մշակման և ընդունման վրա:  Իրագործելի ռազմավարությունը կախված է երկրում տիրող իրավիճակից, ռեսուրսներից և պայմաններից: Կարճաժամկետ արդյունքների և երկարաժամկետ կայունության հասնելու համար բարձրագույն կրթության բարեփոխումների ռազմավարությունը պետք է համախմբի երկու մոտեցումների բաղադրիչները: