Հանրակրթություն

 
Կրթությունը համաշխարհային տնտեսության խոշորագույն ոլորտներից է: Սա անակնկալ չէ այս տեխնոլոգիական դարաշրջանում: Կրթության դերն ավելի ու ավելի կարևոր է դառնում բնակչության բարեկեցությունը հետևողականորեն բարձրացնելուն միտված ցանկացած պետության մրցունակության համար:  Հատկապես երիտասարդ սերնդի գիտելիքների և հմտությունների շարունակական թարմացումը ցանկացած հասարակության կարևոր հրամայականն է այսօր:
 
Ժամանակակից դպրոցական ծրագրերը ձգտում են տալ ավելին, քան ավանդական հմտությունները (կարդալ, գրել, կիրառել մաթեմատիկան)` իր մեջ ներառելով այնպիսի նոր կարողությունների զարգացում, ինչպիսիք են համագործակցությունն ու թվային գրագիտությունը, որոնք ուսանողներին կօգնեն 21-րդ դարում աշխատանք գտնելու և հաջողակ դառնալու հարցերում:  Սակայն այն պետք է ավելի հեռուն գնա` չդառնալով սոսկ գիտելիքների և հմտությունների փոխանցման պարզ մեխանիզմ: Լավագույն դպրոցները կենտրոնանալու են աշակերտների մոտ այնպիսի կարողությունների և բնավորության գծերի զարգացման վրա, որոնք հնարավորություն կտան ազատ մտածել, գիտելիք կառուցել և վերակառուցել, ինքնուրույն ստեղծագործել և թիմերում համագործակցել: Սակայն իրական հաղթողները կլինեն նրանք, ովքեր կօգնեն աշակերտներին համատեղել իրենց գիտելիքները մարդկային առաքինությունների և կայուն բարոյական արժեքների հետ:  
 
Ի-Վի -ում մենք հետաքրքրված ենք օժանդակելու հաջող կրթական մոդելների մշակմանը` սկսած դպրոցից մինչև պետական քաղաքականության մակարդակ: Մենք ուրախ ենք Հայաստանի ամենաառաջադեմ  կրթական նախաձեռնություններից մեկի` «Այբ» ավագ դպրոցի (www.aybschool.am) կայացման մեջ մեր ներդրումն ունենալու համար: «Այբ»-ի հետ մեր աշխատանքն ընդգրկում է վերջինս կյանքի կոչելու ծրագրի մշակումից և դպրոցի շուրջ մեծ համայնքի կառուցմանը մասնակից լինելուց մինչև ավագ դպրոցի  համար նորարարական բիզնես դասընթացների նախագծումը և դասավանդումը:  Մեր առաջնայնություններից է  ավագ դպրոցի աշակերտների շրջանակում ձեռներեցական մտածողություն զարգացնելը` կիրառելով լավագույն միջազգային փորձը: 
 
Պետական քաղաքականության մակարդակում նոր և առավել արդյունավետ  դպրոցական ազգային համակարգերի փնտրտուքներն ինտենսիվանում են: Ուսուցիչների վերապատրաստումները, ուսումնական պլանները և ծրագրերը, գնահատման մեթոդները ազգային կրթության  բարեփոխումների հիմնական ուղղություններն են: Գնահատման գործընթացների միջոցով ստացված տեղեկությունները չափազանց կարևոր են` դպրոցական համակարգերը գնահատելու և բարելավման ուղղությունները որոշելու համար: Մեզ հաճախ դիմում են նմանատիպ վերլուծություն և գնահատում իրականացնելու և փոփոխությունների օրակարգ մշակելու խնդիրներով: Լուծումները պարզ չեն, և մենք էական ներդրումներ ենք իրականացնում ոլորտի հետազոտությունների մեջ` մեր գիտելիքներն ավելացնելու և 21-րդ դարում ուսուցման գործընթացը ավելի խորը հասկանալու համար: Ինչպես ասում են` որքան բարդ է խնդիրը, այնքան այն ավելի արժեքավոր է: