Հայաստանում ՏՏ քլաստերի զարգացման պատմությունը

EV  գործնական ակնարկ, 2010

 
 

1990-ականների սկիզբ… Հայաստանի ՏՀՏ ոլորտի՝ նախկին ԽՍՀՄ ՀուՄ և երբեմնի «ԽՍՀՄ Սիլիկոնյան հովիտ» անվանվող արտադրական կարևորագույն կենտրոններից մեկի անկման արդյունքում առաջացավ հազարավոր գործազուրկ, լքված, սակայն բարձր որակավորում ունեցող մասնագետների շերտ: Ենթարկվելով շուկայական ուժերին` այս մարդիկ ստիպված էին ելք գտնել ստեղծված ճգնաժամից: Հայաստանից արտագաղթած մասնագետները, արտերկրում հայտնվելով և դրսից իրենց հայրենակիցներին պայմանագրերով ապահովելով, երկրի ներսում ՏՏ ոլորտի զարգացման հիմքերը դրեցին` նպաստելով ոլորտի վերածննդին:

1991 թվականին ԽՍՀՄ կազմից դուրս գալուց և անկախության հռչակումից հետո Հայաստանի կառավարությունը սկսեց շուկայական տնտեսությամբ ժողովրդավարական հասարակության ստեղծմանն ուղղված համալիր բարեփոխումների ծրագիր: Բարեփոխումներն իրականացվեցին կտրուկ տնտեսական անկման, հիպերսղաճի և էներգակիրների խիստ պակասի պայմաններում` ուղեկցվելով տրանսպորտային ուղիների շրջափակմամբ: 1994 թվականին տնտեսական անկումը դադարեց: Այդ պահից մինչև 2000 թվականը միջին տարեկան տնտեսական աճը կազմում էր մոտ 5 տոկոս:

Իրականացվող բարեփոխումների առաջին տասնամյակում Հայաստանի ՏՏ արդյունաբերությունը կառավարության կողմից անուշադրության էր մատնված: Այնուամենայնիվ, տաղանդավոր և խանդավառ ՏՏ մասնագետների փոքր խմբերին հաջողվեց լիովին ոչնչացված ՏՏ արդյունաբերությանը կյանք ներարկել և այն դարձնել Հայաստանի տնտեսության ամենադինամիկ, արդյունավետ և արագ զարգացող ոլորտը`30 տոկոս միջին տարեկան աճով: Հայկական ծագմաբ ղեկավարներ ունեցող արևմտյան (հիմնականում ԱՄՆ-ում հիմնադրված) հայտնի շատ ընկերություններ հետազոտությունների և մշակումների կենտրոններ հիմնեցին Հայաստանում:

2000-ական թվականների սկզբին ինչպես տեղական, այնպես էլ օտարերկրյա ՏՏ ընկերությունները, գիտակցելով հստակեցված գործողությունների և համագործակցության անհրաժեշտությունը, հիմնադրեցին ոլորտային միություններ և կրթական հաստատությունների հետ նախաձեռնեցին համատեղ ծրագրեր: Այս իրողությունները խթան հանդիսացան, որպեսզի Հայաստանի կառավարությունը 2000 թվականի վերջում ՏՏ ոլորտը հայտարարի գերակա ոլորտ և 2001 թվականին հիմնադրի ՏՏ Զարգացման աջակցության խորհուրդը:

2005-2008 թվականները արձանագրվել են որպես ՏՏ ոլորտի զարգացման ամենաբարենպաստ տարիներ: Ոլորտը կտրուկ աճ արձանագրեց ինչպես նոր ձևավորված ընկերությունների, այնպես էլ գործող ընկերությունների եկամուտների մեծացման առումով: 2008 թվականին ոլորտի ընկերությունների քանակը հասավ 210-ի: Նոր մասնակիցների մուտքը բջջային և ինտերնետ շուկաներ, ինչպես նաև կառավարության կողմից ՏՏ ոլորտի զարգացման գերակայության ճանաչումը վերջին չորս տարիների կարևոր իրադարձություններից են:

Չնայած համաշխարհային տնտեսական ճգնաժամի բացասական հետևանքներին և Հայաստանի տնտեսության խորը անկմանը՝ ոլորտը 2008֊2012 թվականներին․ 19.8 տոկոս աճ արձանագրեց: