Մեր մասին

 
«Տնտեսություն և արժեքներ»-ը հետազոտական եւ գործնական նախաձեռնությունների կենտրոն է , որն առաջնորդվում է մրցունակ Հայաստան ունենալու տեսլականով: «Տնտեսություն և արժեքներ» հետազոտական կենտրոնի գործունեության առանցքներն են մրցունակության հայեցակարգի ուսումնասիրությունն ու խթանումը, տնտեսական քաղաքականության և ռազմավարության ոլորտներում ներկայիս և ապագա առաջնորդների ուսուցումն ու խորհրդատվությունը, ինչպես նաև զարգացման արժեքային և մշակութային հիմնասյուների ուսումնասիրությունը:
 
Կենտրոնը հիմնադրվել է 2004 թվականին մի խումբ հետազոտողների և բիզնես խորհրդատուների կողմից: Բարձրակարգ միջազգային կապերի, լավագույն որակավորում ունեցող վերլուծաբանների և խորհրդատուների ցանցի միջոցով կենտրոնը ներմուծում է զարգացման նոր հայեցակարգեր և նպաստում է գիտության և բիզնես ոլորտների համագործակցությանը` բիզնեսի և սոցիալական միջավայրի բարելավման նպատակով: 
 
Տնտեսություն և Արժեքներ գաղափարախոսությունը
 
Անհատների, կազմակերպությունների և երկրների տնտեսական գործունեությունը (oikonomos) և բարոյական ձգտումները միահյուսված են: Երկարաժամկետ կայուն զարգացում և բարեկեցություն ապահովելու հիմնական նախապայմաններն են կայուն բարոյական արժեքներն ու աշխարհայացքը: Սակայն բարեկեցությունը խթանող բարոյական արժեքներն ամենից հաճախ խեղաթյուրվում են հենց վերջինիս կողմից: Բարոյական անկման վտանգի չեզոքացման միակ ուղին տնտեսության և արժեքների ներդաշնակեցումն է: Մեր ձգտումներն ուղղված են հենց այդ ներդաշնակության ստեղծմանը: